MWnews-ը WCIT 2019-ին. Հայաստանը ՏՏ աշխարհի ուշադրության կենտրոնում [ամփոփում]

ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի ունեցավ Հայաստանում ՝ Երևանում:Հոկտեմբերին 6- 9-ը մեր երկրումանցկացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (World Congress on Information Technology (WCIT):

Բացումը՝ տոնական համերգով

Կոնգրեսի բացումը ազդարարվեց հոկտեմբերի 6-ինՀանրապետության հրապարակում տոնական համերգով: Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել էր WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից: Օտարերկրյա երաժիշտները ներկայացնում էին այն երկրները, որտեղ անցյալում անցկացվել էր WCIT-ն՝ Կանադա, Նիդերլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա և այլն:

Նվագախումբը հենց տեղում կատարեց արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտությունը

Համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը բեմ դուրս եկավ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտությունը: Արհեստական բանականության աշխատանքի արդյունքը երաժիշտների պլանշետներին ուղարկվեց իրական ժամանակում, այսինքն՝ երաժիշտները նախապես ծանոթչէին ներկայացվող նյութին: Արհեստական բանականությունը գեներացրել էր երաժշտություն հայկական շարականների հիման վրա:

Համերգը ղեկավարում էր Հայաստանի վաստակավոր արտիստ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով և նվագախումբը ստեղծելու և իրական ժամանակում արհեստական բանականության ժամանակակից տեխնոլոգիաները և երաժշտությունը համատեղելու նորարար գաղափարի հեղինակն է: Համերգին հանդես եկավ նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը:

Մարզահամերգային համալիրում արդեն…

Տոնական համերգի հաջորդ օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) պաշտոնական բացման արարողությանը:Բացման ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, ողջունելով համաժողովի մասնակիցներին և հյուրերինհամաշխարհային նշանակության այս հավաքի բացման առիթով, մասնավորապես ասաց․

«Մեզ համար մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը, որովհետև այն շատ լավ առիթ է ձեզ և ձեր միջոցով միջազգային հանրության հետ խոսելու Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու մեր ռազմավարության մասին»,- իր ելույթում ասաց ՀՀ վարչապետն ու շարունակեց. «Մեր երկրի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում, այս պահին ունենք 7 տոկոս տնտեսական աճ, մեր երկրում տուրիզմը տպավորիչ աճ է գրանցում, այս տարի ունենք տուրիզմի շուրջ 13 տոկոս աճ, տպավորիչ աճ է գրանցում նաև տեխնոլոգիական ապրանքների արտահանումը. առաջին յոթ ամսվա կտրվածքով միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը մեր երկրից աճել է 40.9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 34.4 տոկոսով: Այս ամենը մեզ վստահություն է տալիս, որ Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունն իր հերթին կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, և մենք կկարողանանք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական, նորարարական առաջատար երկրներից մեկն աշխարհում, իսկական տեխնոլոգիական կենտրոն»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հյուրեր՝ աշխարհի տարբեր ծայրերից

Միջոցառման համար Հայաստան էին ժամանակել հյուրեր՝ աշխարհի տարբեր երկրներից IT ոլորտում առաջատար ընկերությունների ղեկավարներ, ոլորտի մասնագետներ, շոու բիզնեսի հայտնի աստղեր:

Հայաստանում էին GIPHY-ի հիմնադիր Ալեքս Չունգը, Pixar ընկերության փոխնախագահ ՔեթրինՍարաֆյանը, Ericsson ընկերության Եվրոպայի և Լատինական Ամերիկայի գծով տեխնիկական տնօրեն Խավիեր Գարսիա Գոմեսը,VaynerX-ի և VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, Defense & Aerospace Report-ի խմբագիր Վագո Մուրադյանը, «Better Off: Flipping the Switch on Technology» գրքի հեղինակ, տեխնոսկեպտիկ Էրիկ Բրենդեն, IT ոլորտի այլ հեղինակավոր փորձագետներ, ԱՄՆ կոնգրեսականներև ուրիշներ:Համաժողովի ընթացքում խոսում էին ընդհանուր գլոբալ շուկայից՝ ինչպես է IT-ն զարգանում համայն աշխարհում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին՝ WCIT 2019-ին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանակ հյուրերի թվում էին Սերժ Թանկյանը, Քիմ Քարդաշյանը, Ալեքսիս Օհանյանը և այլոք:

Քիմ Քարդաշյանը՝ WCIT 2019- ին

Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը ելույթ ունեցավ WCIT համաժողովի ընթացքում ներկայացնելով, թե ինչպես կարելի է օգտագործել սոցցանցերը՝բիզնեսը զարգացնելու համար։

Քիմ Քարդաշյանը ասաց, որ միշտ երազել է դառնալ ռեալիթի շոուների մասնակից և իր հայտնիության մասին խոսելով՝ Քարդաշյանը նշեց, որ այժմ ավելի շատ է մտածում անձնական կյանքի գաղտնիության և երեխաների անվտանգության մասին, քան նախկինում էր. «Կարիերայիս սկզբում չգիտեի, թե ինչ է թափանցիկությունը, անձնական տարածքը, նորմալ էի համարում, որ մարդիկ իմանան իմ կյանքի յուրաքանչյուր մանրուք։ Բայց երբ մեծանում ես, և արդեն երեխաներ կան, սկսում ես արժևորել անձնական տարածքը։ Ես գտել եմ այն բալանսը, որ հանրայնացնեմ այն, ինչ պետք է։ Երբ շատ բան է հանրային դառնում, դա կարող է վնասել քեզ»,– ասացՔարդաշյանը։Նրա խոսքով, ի տարբերություն մյուս հայտնիների, ինքը պարզապես իր անունը չի դրել ապրանքանիշի վրա և քաշվել մի կողմ. նոր ապրանք արտադրելուց առաջ անպայման ուսումնասիրում է շուկան. «Ես հաճախ եմ օգտվում սոցիալական ցանցերի իմ հաշիվների ընձեռած հնարավորությունից: Դիմում եմ հետևորդներիս և որոշ հարցումների միջոցով ուսումնասիրում նրանց կարծիքները նախատեսվող ապրանքի մասին»,- ասաց Քիմ Քարդաշյանը:

Գործարար-հեռուստաաստղը նշեց նաև, որ Հայաստանից հեռանալու է 4 հիանալի և ոգևորիչ բիզնես գաղափարով, որոնք իրագործելու է: Գաղափարներից մեկն առնչվում է հայկական բույրերին. « Մտածում եմ օծանելիքի մասին, որ բուրելու է հայկական ծաղիկներով»,- ասաց հեռուստաաստղը՝ հավելելով, որ անչափ ոգևորված և հուզված է՝ տեսնելով ամբողջ աշխարհից Հայաստան ժամանած ՏՏ և տնտեսագիտության ոլորտների այսքան շատ մասնագետների՝ WCIT 2019 համաժողովին մասնակցելու համար:

Նշենք, Քիմ Քարդաշյանը որպես հատուկ բանախոս ելույթ է ունեցավ ՏՏ համաժողովի՝ WCIT 2019-ի ժամանակ: Քարդաշյանը մասնակցեց WCIT 2019-ի շրջանակում անցկացվող «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը: Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կիսեց իր փորձը, ներկայացրեց, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:

Քարդաշյանը նշեց նաև, որ իր կարիերայի սկզբում նա արել է նույնիսկ այն, ինչին չի հավատացել, ինչի շնորհիվ աճել է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։

Ալեքսիս Օհանյան. ՏՏ ոլորտում Հայաստանի ներուժն օրեցօր աճում է

Այս մասին համաժողովի ընթացքում ասաց ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital–ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով համաժողովի պատվավոր հյուրերի ցանկում էր:Կարևորելով հայաստանյան դպրոցներում շախմատի ուսուցումը նա նշեց, որ դրա շնորհիվ աշակերտները կարող են ավելի հեշտ ծրագրավորում սովորել. « Շախմատային գիտելիքները լավագույն հիմքն են ապագայում ծրագրավորման մեջ մասնագիտանալու համար»,- ասաց Ա.Օհանյանը՝ շարունակելով. «Կարծում եմ, սա շատ լավ ժամանակ է Հայաստանի համար, որն ունի շատ բարդ հարևաններ, շրջափակված է, չունի բնական ռեսուրսներ, բայց որն այս անգամ ունի հիանալի հնարավորություն, քանի որ մարդկային տաղանդը, որը մշտապես եղել է այս երկրում, շանս ունի բարգավաճելու ու դառնալու՝ որպես մասնիկ այս գլոբալ ուղեղի՝ ինտերնետի ու ծրագրակազմի միջոցով»,-ասում է Ա. Օհանյանը՝ խորհուրդ տալով երիտասարդներին ներգրավվել ծրագրավորման մեջ:

Նրա խոսքով՝ Հայաստանում կան լավ տեխնոլոգիական ձեռներեցներ, կան խոշոր ընկերությունների մի քանի հիմնադիրներ: Ալեքսիս Օհանյանը նշեց նաև, որ Հայաստանում ուզում է գտնել ներդրումներ կատարելու եղանակներ:

Աշխարհահռչակ ռոք երաժիշտը նույնպես մասնակցում էր համաժողովին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը նույնպես մասնակցում էր Հայաստանում անցկացվող տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին. մասնավորապես «Տեխնոլոգիաներ, հասարակություն և ժողովրդավարություն» խորագրով պանելային քննարկմանը:

«Ես կարծում եմ, որ շատ մութ կողմեր կան նրանում, ինչ տեղի է ունենում թվային աշխարհում: Դրանցից մեկը մեկուսացումն է, որ մարդիկ զգում են: Օրինակ՝ դու մտնում ես «Ֆեյսբուք», որտեղ ունես ընկերներ, սակայն նրանք քո իրական ընկերները չեն»,-ասաց Թանկյանը: Նրա խոսքով, ինտերնետում՝ սոցցանցերում, մարդիկ, ունենալով անանունության հնարավորություն, կարծում են, որ իրավունք ունեն ասելու այն, ինչ ուզում են:

System of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտարարեց նաև Երևանում կայանալիք համերգի մասին. «Հաջորդ տարվա հունիսին System of a down–ը կգա Երևան։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,– ասաց Թանկյանը՝ նշելով, որ ներկայում ընտրվում է համերգի վայրը։

Համաժողովի ավարտը

Երևանում ավարտվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT-2019)։ Համաժողովի ավարտն ազդարարվեց հոկտեմբերի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։

Համաժողովի փակման իր ելույթում Տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզան շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին։ «Մինչև փակման արարողությունը սկսելը, ցանկանում եմ ասել, որ դուք հրաշալի էիք։ Մենք վերադառնալու ենք տուն այս ամենի ավարտից հետո, սակայն այս օրերին տեղի ունեցածը միշտ կպահենք մեր սրտում»,- ասաց Պոիզան։

«WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, Հայաստանի տեխնոլոգիական համայնքին և միջոցառման կամավորներին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին ու լսարանին։ «Ես կարծում եմ, որ միջոցառումը շլացուցիչ էր, և մենք արեցինք ավելին»,- ասաց փոխվարչապետը՝ հավելելով. մեր երկրին ավելի շատ նման մասշտաբային իրադարձություններ են անհրաժեշտ:

Փակման մրցանակները

Փակման արարողությանը համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվեցին մրցումային փուլեր, ընտրվեցին լավագույն ստարտափերը, որոնք հայկական ՏՏ կազմկոմիտեի անունից ստացան «Armenian Tech Community Prize» մրցանակը: Հաղթողները, որոնք զբաղեցրին առաջին և երկրորդ տեղերը, ստացան մրցանակներ՝ 25 000 և 10 000 դոլարի չափով:

Հաղթած թիմերն են՝ GeBe Cert — 10,000 դոլար, ForgeFiction — 25,000 դոլար, Virtlo — 10,000 դոլար, Embry Tech — 25,000 դոլար, Viciniti — 10,000 դոլար և Krisp — 25,000 դոլար:

Այսպիսով, այս տարի Հայաստանում տեղի ունեցավ ՏՏ ոլորտի թեևս ամենամասշտաբային միջոցառումներից մեկը` WCIT 2019–ը:

Համաժողովը հյուրընկալվեց Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ Համաժողովը կազմակերպել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Այսպիսով, Հայաստանը հյուրընկալեց ավելի քան 2000 մասնակից՝ շուրջ 70 երկրից. նրանք քննարկումներ անցկացրեցին «Ապակենտրոնացման ուժը․ ակնկալիք և վտանգ», «Մեքենաները հառնում են», «Սև Կարապ», «Բլոքչեյնի նորարարությունը խաչաձևվում է կապիտալի հետ», «Արհեստական բանականությունը գենոմիկայում», «Որքան կանաչ է Սիլիկոնային հովիտը», խելացի քաղաքներ, ստարտափներ և ինկուբատորներ թեմաներով։
Միջոցառմանը ժամանակ համալիրի տարածքում հայաստանյան և արտասահմանյան մի շարք ընկերություններ հանդես եկան առանձին տաղավարներով:

Նշենք, Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-ը, հիմնադրվել է 1978 թվականին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից: Համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Լուսինե Մովսիսյան

Close
Close