Apple-ը պաշտոնապես ներկայացրեց iPhone 8, iPhone 8 Plus և iPhone X սմարթֆոնները

Սեպտեմբերի 12-ին՝ Սթիվ Ջոբսի անվան նորակառույց թատրոնում, Apple ընկերությունը ներկայացրեց 8-րդ սերիայի iPhone սարքավորումները, ինչպես նաև առաջատար iPhone X-ը (10):

iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների կաղապարը նոր դիզայն է ստացել․ ինչպես հետևի, այնպես էլ առջևի վահանակներն այժմ ապակյա են։ Երկու սմարթֆոններն էլ երկրպագուներին կներկայանան արծաթագույն, սև և նոր ոսկեգույն գունային երանգներով։ Նորույթները հագեցվել են Apple A11 6-միջուկանի պրոցեսորով, որը 25%-ով ավելի արագ է աշխատում, քան iPhone 7-ում։ Բացի այդ՝ նորույթն ստացել է սեփական գրաֆիկական պրոցեսոր, որը 30%-ով ավելի արտադրողական և քիչ էներգիա է սպառում, քան Imagination Inc-ի կողմից արտադրված չիպը։

http://www.mwnews.am/NewsImages/8510/mwNews8510_0.jpg

iPhone 8-ը, ինչպես նախորդները, սովորական տեսախցիկ է ստացել, իսկ iPhone 8 Plus-ը՝ երկակի։ Նորույթները հագեցվել են պատկերի օպտիկական կայունացուցչով և նոր պորտրետային ռեժիմով։ Վերջինիս օգնությամբ հնարավոր է լուսանկարից կտրել պատկերված անձին և խմբագրման նոր ֆիլտրեր օգտագործել։

Սմարթֆոնները կարող են տեսանկարահանել՝ 4К (60 կադր/ վ) և slow-mo (դանդաղեցված նկարահանում, 240 կադր/ վ) 1080р ռեժիմում։ Բացի այդ՝ առկա է նաև լրացուցիչ իրականության ֆունկցիան։

iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնները հագեցվել են մատնահետքերի ճանաչման Touch ID սքաներով՝ Taptic Engine սատարմամբ, երեք բարձրախոսներով, տեղաշարժման, լուսավորության և մոտեցման սենսորով, էլեկտրոնային կողմնացույցով, գիրոսկոպով, ստերեո բարձրախոսներով, անլար լիցքավորման Qi տեխնոլոգիայով և IP67 ջրադիմացկունությամբ։

http://www.mwnews.am/NewsImages/8510/mwNews8510_1.jpg

Սմարթֆոնների նախնական վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին։ Նորույթները մեզ են ներկայանում երկու տարբերակով՝ 64/ 256 Գբ։ iPhone 8-ի սկզբնական արժեքը 699, իսկ iPhone 8 Plus-ինը՝ 799 դոլար է (ԱՄՆ-ում)։

Ինչ վերաբերում է հաջորդ դրոշակակրին, ապա սարքն անվանվել է iPhone X (10)։ Ինչպես և ակնկալվում էր, նորույթը հագեցվել է առանց շրջանակների էկրանով՝ վերևում U-աձև բացվածքով։ Էկրանի անկյունագիծը 5,8 դյույմ է, թողունակությունը՝ 2436х1125 պիքսել։ Վերջինս OLED է, որն ավելի վառ է և քիչ էներգատար, քան նախորդ վահանակները։

http://www.mwnews.am/NewsImages/8510/mwNews8510_6.jpg

Home կոճակը բացակայում է։ Ծրագրերի փակումն ու շատ այլ գործողություններ այժմ կատարվում են սվայպերի միջոցով։ Ղեկավարման կարգավորումներ մտնելու համար կարելի է ընդամենը աջ անկյունից հպումով իջեցնել ներքև։

http://www.mwnews.am/NewsImages/8510/mwNews8510_3.png

Siri օգնականին այժմ կարելի է կանչել ձայնային հրահանգով կամ սեղմելով սնուցման կոճակը։ Սմարթֆոնն արգելափակումից հանումը կատարվում է դեմքի ճանաչման տեխնոլոգիայով, որը կոչվում է Face ID։ Վերոնշյալ բացվածքում կան բազմաթիվ սենսորներ, որոնք նախատեսված են Face ID տեխնոլոգիայի աշխատանքի համար։ Այն շուրջօրյա գերազանց աշխատում է, բացի այդ՝ անհնար է սարքը լուսանկարի օգնությամբ արգելափակումից հանել։ iMessage –ում նոր Animoji գործառույթ է հայտնվել, ինչի շնորհիվ կարելի է անիմացնել ստանդարտ Emoji-ները։

iPhone X-ն աշխատում է 6-միջուկանի Apple A11 Bionic պրոցեսորի հիման վրա՝ ներկառույցված 2-միջուկանի Neural engine պրոցեսորով։ Վերջինս նախատեսված է Face ID տեխնոլոգիայի համար։ Նորույթը հագեցվել է 3D Touch, True Tone Display գործառույթներով։

http://www.mwnews.am/NewsImages/8510/mwNews8510_5.jpg

Հիմնական տեսախցիկն այժմ ուղղահայց է տեղադրված, քանի որ երկու մոդուլներն էլ հագեցված են պատկերի օպտիկական կայունացուցչով։ Երկու սենսորներն էլ ստացել են 12 Մպ թողունակություն՝ f/1.8 և f/2.4 դիաֆրագմայով։ Դիմային տեսախցիկն ունի 7 Մպ թողունակություն և պորտրետային ռեժիմի հնարավորություն։

http://www.mwnews.am/NewsImages/8510/mwNews8510_4.jpg

Հոբելյանական սմարթֆոնի ավտոնոմ աշխատանքն ավելացել է 2 ժամով։ Նորույթներն ունեն անլար լիցքավորման Air Power տեխնոլոգիայի սատարում։ iPhone X-ը կվաճառվի երկու գունային տարբերակներով՝ սև և արծաթագույն՝ 64/ 256 Գբ ներքին հիշողությամբ։ Նորույթի սկզբնական արժեքը 999 դոլար է։ Վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 3-ին։

Close
Close