Digitec-ը 10 տարեկան է. Խելացի անձրևանոց, խելացի լուսացույց և ոչ միայն

Հոկտեմբերի 3-5-ը Հայաստանում կայացավ տեխնոլոգիական ոլորտի ամենախոշոր միջոցառումը` Digitec ցուցահանդեսը, որն իր շուրջն էր հավաքել տեխնոլոգիական ոլորտի 140-ից ավել ընկերությունների: Ցուցահանդեսում ներկայացված էին ինչպես տեղական արտադրողներ, այնպես էլ արտասահմանյան ներկրող ընկերությունների ներկայացուցիչներ: Ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն ամենամյա է՝ լրացավ ցուցահանդեսի 10-րդ հոբելյանական տարին:
Եվ այսպես Mwnews-ը ցուցահանդեսի մասնակիցներից առանձնացրել է որոշ առումներով առավել հետաքրքիր ցուցանմուշները, որոնք և ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
«Խելացի անձրևանոց»
Խելացի կամ անգլերեն՝ Smart անձրևանոցը բացվում է, երբ անձրև է գալիս և հակառակը փակվում է, երբ անձրևն ավարտվում է: Այս անձրևանոցն իրականում շատ ֆունկցիաներ չունի, սակայն այս մեկն էլ անգամ բավական է հետաքրքրվողների մի ողջ բանակ ունենալու համար: Նոր տեսակի անձրևանոցը ստեղծել են երկու էլենները՝ Էլեն Սիմոնյանն ու Էլեն Գրիգորյանը, նրանք Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջի ուսանողներ են, Mwnews-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ ցուցահանդեսի շրջանակներում իրենց ստեղծած նորույթով շատերն են հետաքրքրվում: Նոր տեսակի անձրևանոցը, ըստ հեղինակների՝ կարող է օգտակար լինել, օրինակ՝ բացօթյա սրճարանների համար հատկապես աշնան այս անձրևային եղանակին հաճախորդներին անձրևից պաշտպանելու համար:
«Անձրևանոցն աշխատում է տվիչների օգնությամբ. երբ անձրևի կաթիլը ընկնում է անձրևանոցի վրա, այն անմիջապես բացվում է»,- ասում է Էլեն Սիմոնյանը: Էլեն Գրիգորյանն էլ իր հերթին ավելացնում է, որ այսքանով «խելացի անձրևանոց»-ի գործառույթները չեն սահմանափակվելու: «Խելացի անձրևանոց»-ի հեղինակները վստահ են, որ այն կարող է ոչ միայն բացօթյա սրճարաններին օգտակար լինել այլ նաև կիրառվել տարբեր ոլորտներում, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում՝ բույսերը արևի որոշակի ջեմաստիճանից պաշտպանելու համար: «Հետագայում անձրևանոցը կարելի է փոխարինվել նաև մեծ ծածկոցներով՝ օրինակ գյուղմթերքները կարկտահարությունից պաշտպանելու համար»,-ասում են «Խելացի անձրևանոց»-ի հեղինակները:
«Խելացի լուսացույց»
Ցուցահանդեսին ներկայացված «Խելացի անրևանոցը» միակ խելացի ցուցանմուշը չէր: Մեկ այլ տաղավարում, հատկապես տղաների շրջանում լուրջ հետաքրքրություն էր առաջացրել «Խելացի լուսացույցը», այն որոշում է ծանրաբեռնված փողոցը, մեքենաների քանակը և ըստ դրա կարգավորում լուսացույցների ժամանակը: «Խելացի լուսացույցը» մշակել են Երևանի պետական ինֆորմատիկայի քոլեջի ուսանողները:
« Այս լուսացույցը վարորդներին ժամանակ խնայելու հնարավորություն կտա, քանի որ կկարգավորի լուսացույցի լույսերը ըստ մեքենաների քանակի՝ անհրաժեշտության դեպքում երկար պահելով կամ հակառակը միանգամից անցում կատարելով հաջորդ լույսին: Այսինքն՝ եթե մեքենա չկա, վարորդը ստիպված չի լինի երկար ժամանակ մնալ, օրինակ կարմիր լույսի տակ»,- ասաց նախագծի հեղինակներից Անդրանիկ Կանսուզյանը՝ նշելով, որ այս ամենն ըստ իրենց նախագծի տեղի է ունենալու լուսացույցների մոտ տեղադրված տեսախցիկի օգնությամբ, որն ավտոմատ կերպով կհաշվի մեքենաների քանակը և այդ տվյալները փոխանցի ծրագրին: Հենց այդ ծրագրի միջոցով էլ հնարավոր կլինի կառավարել լուսացույցի գույները:
Ի դեպ, ըստ մեր զրուցակցի՝ իրենց առաջարկը հետաքրքրել է շատերին, այդ թվում՝ քաղաքապետարանի ներկայացուցիչներին:
Լրացված իրականության թափանցիկ վիդեոակնոց
Եվ այսպես պրոեկտորների շուկայում համաշխարհային առաջատար Epson ընկերությունը ցուցահանդեսի շրջանակներում ներկայացնում էր լրացված իրականության թափանցիկ վիդեոակնոցները: Ըստ ընկերության ներկայացուցիչ Դինա Մանուկյանի՝ ակնոցները նորույթ են, դրանք շուկայում հայտնվել են այս տարի ամռանը: «Հուսով եմ այս ցուցադրությունից հետո այն հետաքրքրի նաև հայկական շուկային և դրանք շուտով կվաճառվեն նաև Հայաստանում»,-ասաց Դ. Մանուկյանը՝ նշելով, որ վիդեոակնոցը յուրահատուկ գործիք է, որն իր մեջ համատեղում է վերջին շրջանի նորարարական բազմաթիվ զարգացումներ:
« Այս ակնոցի օգնությամբ (ցուցադրում է ակնոցը- Լ.Մ.) դուք կկարողանաք մաքսիմալ արդյունավետ օգտագործել լրացված իրականության ծրագրեր և վայելել 3D- բովանդակություն գտնվելով տանը կամ դրսում, ինչպես նաև կբացահայտեք ձեզ համար ֆիլմեր, խաղեր և ծրագրեր նոր ֆորմատով»,- ասաց Epson ընկերության ներկայացուցիչը:
Լրացված իրականությամբ ակնոցի շնորհիվ կարելի է առավել տպավորիչ և հետաքիրքիր դարձնել գեղարվեստական և թանգարանային ցուցադրությունները, կրթական կամ աշխատանքային գործընթացները: Այն ունի զհոր մարտկոց, որը, ըստ հաշվարկների, կարող է աշխատել 6 ժամ անընդմեջ: Ի դեպ, վիդեոակնոց ներբեռնված բովանդակությունը միաժամանակ կարող են դիտել մի քանի օգտատեր, քանի որ Miracast ստանդարտն ապահովվում է վիդեոակնոցից բջջային սարքեր,պրոյեկտոր, հեռուստացույց և այլն հետադարձ հեռարձակումը: Իսկ, եթե սարքը չունի Miracast, ապա այն կարելի է միացնել Wi-Fi Miracast- ադապտերին HDMI- լարի օգնությամբ:
Ի դեպ, հատուկ տեսողության հետ խնդիրներ ունեցողների համար սարքը ունի նաև հատուկ ոսպնյակների համար նախատեսված շրջանակներ: Սարքի նախատեսված արժեքը 1000- 1300 դոլար է:
Նոր խոսք տաքսի ծառայությունների ոլորտում
GG taxi. հենց այս անվանումով ցուցահանդեսին էր ներկայանում տաքսի ծառայություններ մատուցող մի ընկերություն, որը ստեղծել է տաքսի պատվիրելու ինքնատիպ համակարգ: Այն նախատեսված է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգի օգտատերերի համար: Ընկերության ներկայացուցիչ Խաչատոր Գրիգորյանի խոսքով՝ համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը կամ էլ տաքսին պատվիրել ընկերության ինտերնետային կայքի միջոցով:
«Գրանցվելով և մուտք գործելով մեր համակարգ, դուք կարող եք պատվիրել ավտոմեքենա առանց դիսպետչերին զանգ կատարելու: Պատվրատուի GPS-ը պետք է անպայման միացված լինի, հենց դրա միջոցով էլ համակարգը գտնում է ձեր գտնվելու վայրը և ֆիքսում է այն: Ահա այս կերպ դուք կարող եք տաքսի պատվիրել ոչ միայն ներկայի համար, այլ նաև որոշակի ժամ ֆիքսել, եթե նախապես գիտեք, թե օրինակ վաղը որ ժամին է ձեզ տաքսի անրաժեշտ լինելու»,- ասաց Խ. Գրիգորյանը: Նրա խոսքով՝ մի քանի ամիս է, ինչ առաջարկում են նշյալ ծառայությունը, սակայն ծառայության նկատմամբ հետաքրքրությունը գնալով ավելանում է, ինչի մասին են վկայում հավելված ներբեռնողների և պատվերների քանակի աճը:
«Մենք ծրագրավորման ընկերություն ենք, որը մշակել է այս ամբողջ համակարգը, ամեն ինչ ավտոմատացված է, մեր տաքսին չունի հերթապահ, ամեն ինչ տեղի է ունենում համակարգի միջոցով. վարորդը համակարգի միջոցով վերցնում է պատվերը տեսնելով պատվիրատուի գտնվելու վայրը, իսկ պատվիրատուն էլ իր հերթին տեսնում է վարորդի գտնվելու վայրը: Եղել են դեպքեր, երբ վարորդը 1 րոպեից տեղում է եղել, քանի որ շատ մոտ է եղել պատվիրատուին»,- ասաց Խ. Գրիգորյանը՝ նշելով, որ երբ վարորդը մոտենում է պատվիրատուին, վերջինս սովորական զանգի փոխարեն ավտոմատ հաղորդագրություն է ստանում:
Հակադիպուկահար համակարգ՝ Locator-ից
Locator ընկերությունը բացի հանրությանը հայտնի իր եկեղեցիներ և տարբեր պատմական վայրեր վիրտուալ այցելելու ծրագրերից, հանդես էր գալիս նորույթով. Ընկերությունը ցուցահանդեսին ներկայացնում էր ավտոմատ կառավարման վահանակ, որի վրա կարելի է տեղադրել ցանկացած տիպի զինատեսակ: Համակարգի հիմնական ուղղվածությունը դիպուկահարների դեմ ուղղված գործողություններն են: « Սա հակադիպուկահար կամ անտիսնայպեր համակարգ է, այն վերացնելու է դիպուկահարի մոտավոր գտնվելու վայրը: Ճիշտ է մենք այժմ այստեղ ներկայացնում ենք այս համակարգի միայն ցուցադրական տարբերակը, սակայն այն ինչ պատրաստվում ենք սարքել հիմնական կիրառման համար ավելի քան 2 կմ հեռավորության վրա կարող է աշխատել»,- ասաց «Լոկատոր» ընկերության նախագծի ղեկավար Կարեն Գրիգորյանը՝ ցուցադրելով տվյալ դեպքում ներկայացված գնդացիրը, որը տեսադրված էր ավտոմատ կառավարման վահանակի/հարթակի վրա: Կ.
Գրիգորյանի խոսքով՝ նշված հարթակը բավական զարգացած սենսորային համակարգ է ունենալու ջերմային տեսագրման հնարավորությամբ, շարժման տվիչներով, ձայնային ռադարով և այլն, վերջինիս շնորհիվ այն կկարողանա ինքնուրույն որոշել հակառակորդի կողմից արձակված կրակոցի ուղղությունը և համապատասխան գործողությունների անցնել:
Նշենք, որ սա այս ընկերության սեփական նախագիծն է, որը նախատեսում են զարգացնել, ըստ Կ. Գրիգորյանի՝ ՀՀ ՊՆ-ն օգնում է իրենց այդ ամենի փորձարկման հարցերով:
«Ճանաչիր քո քաղաքը»՝ մոբայլ հավելվածի միջոցով
Ցուցահանդեսին VTG software ընկերությունը ներկայանում էր ծրագրավորողների համար նախատեսված իր մի քանի գործիքներով, որոնց միջոցով նաև ընկերության մասնագետները ստեղծել են Yerevan Monuments ծրագիրը:
«Ճանաչիր քո քաղաքը» կարգախոսով հանդես եկող հավելվածը տարատեսակ անիմացիաներով, նկարներով, քարտեզներով և հակիրճ բովանդակությամբ ներկայացնում է Երևանում տեղակայված հուշարձանները և հուշում, թե ինչպես կարելի է գնալ այդտեղ:
Ընկերության մոբայլ թիմի ղեկավար Անդրանիկ Ասիլբեկյանի խոսքով ՝ այս հավելվածի միջոցով յուրաքանչյուր հուշարձանի մասին կարելի է մանրամասներ իմանալ, բացի այդ, այն ունի կարգավորումների բաժին, որի միջոցով կարելի է փոփոխություններ կատարել, օրինակ փոխել հավելվածի լեզուն և ոչ միայն:
«Այս հավելվածը նախատեսված է ինչպես iOS, այնպես էլ Android օպերացիոն համակարգերից օգտվողների համար: Այս պահի դրությամբ այն ներառում է ընդամենը 100 հուշարձան, դրանք քաղաքապետարանի տրված տվյալների, ինչպես նաև մեր ջանքերով գտնված տվյալների հիման վրա են ստեղծվել»,-ասաց Ա. Ասիլբեկյանը՝ նշելով, որ իրենք վերջին շրջանում բավական աշխատել են հավելվածի վրա, այն նոր դիզայնով և նոր ծառայություններով ցուցահանդեսին ներկայացնելու համար:
Հավելվածներ՝ երևանյան ժամանցային վայրերի միջոցառումների և նաև խանութների զեղչերի մասին
Ցուցահանդեսին ներկայացված էր նաև Sprint center ընկերությունը՝ Yerevan Events և Shop center Yerevan հավելվածներով: Yerevan Events բջջային հավելվածը նախատեսված է iOS և Android համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար: Բեռնելով և օգտվելով հավելվածից կարելի է տեղեկանալ թատրոնների խաղացանկերին, կինոցուցադրություններին, ակումբների, փաբերի համերգային և պարային միջոցառումներին:Այսինքն՝ ընդհանուր առմամբ հետևել երևանյան լավագույն ժամանցային և մշակութային միջոցառումներին:
Ընկերությունը ցուցահանդեսին ներկայացնում էր նաև Shop Center Yerevan բջջային հավելվածը, որը կրկին նախատեսված է iOS և Android համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար: Այս հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ լավագույն խանութ-սրահների տեսականուն, նորույթներին, զեղչերին և ակցիաներին:
Լուսինե Մովսիսյան