MWC 2017-ին պաշտոնապես ներկայացվել է BlackBerry Mercury սմարթֆոնը` KEYone անվանումով

TCL Communication ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է BlackBerry KEYone սմարթֆոնը` QWERTY ստեղնաշարով, որը նախկինում հայտնի էր կոդային Mercury անվամբ:

BlackBerry KEYone-ն աշխատում է Android 7.1 Nougat օպերացիոն համակարգի վերահսկողության ներքո: Այն հագեցվել է 4,5 դյույմանոց IPS էկրանով` Full HD թողունակությամբ (1620×1080 կետայնություն, 434 PPI): Սմարթֆոնի իրանի շրջանակը պատրաստված է անոդացված ալյումինից, գործվածքային հետևի վահանակը` պլաստիկից: Հետևի վահանակի վրա տեղակայված է 12 Մպ-ոց հիմնական տեսախցիկը` Sony IMX378 սենսորով (չափսը կազմում է 1,55 մկմ պիքսել): Դիմային տեսախցիկի թողունակությունը 8 Մպ է:

BlackBerry KEYone-ն հիմնվում է Qualcomm Snapdragon 625 չիպսեթի վրա` ութմիջուկանի պրոցեսորով ու գրաֆիկական Adreno 506 համակարգով: Օպերատիվ հիշողության ծավալը 3 Գբ է կազմում, ֆլեշ կրիչինը` 32 Գբ, նախատեսված է նաև առավելագույնս 2 Տբ-անոց հիշողության քարտի բնիկ: Մարտկոցը ծավալը 3505 մԱ/ժ է կազմում: Կիսով չափ լիցքավորման համար ընդամենը 36 րոպե է պահանջվում. սարքը հագեցված է արագ լիցքավորման Quick Charge 3.0 տեխնոլոգիայով: Սմարթֆոնի չափսերն են` 149,3×72,5×9,4 մմ, իսկ քաշը 180 գրամ է:

http://www.mwnews.am/NewsImages/8369/mwNews8369_1.jpg

Ինչպես ցանկացած BlackBerry սմարթֆոնում, նորույթի QWERTY ստեղնաշարը ևս ստեղների բազմաթիվ համակցումներ է առաջարկում` տեքստի ու տվյալների գրառումն, ինչպես նաև սարքի վերահսկումն արագացնելու նպատակով: «Խելացի» ստեղնաշարն արձագանքում է ոչ միայն սեղմումներին, այլև` հպումներին ու ժեստերին: «Hotkeys» ստեղների օգնությամբ սարքը կարձագանքի նաև սեղմման տևողությանը` կարճ կամ երկար:

Սմարթֆոնը տրամադրվում է նախապես տեղադրված DTEK հավելվածով, որը հնարավորություն է տալիս «բարձրացնել գաղտնիության մակարդակը, ինչպես նաև վերահսկել հավելվածների մուտքը տեսախցիկ, բարձրախոս, գտնվելու վայրի ու անձնական տվյալներ»:

http://www.mwnews.am/NewsImages/8369/mwNews8369_2.jpg

BlackBerry KEYone-ը վաճառքի կհանվի ապրիլին` ԱՄՆ-ում $549 կամ Եվրոպայում 599 եվրո արժողությամբ:

Close
Close