Ստեղծենք մերը՝ Armtab, Armphone, Armauto… [տեսանյութ]

Այն մասին, որ թողարկվելու է հայկական պլանշետ գիտեն արդեն բոլորը, սակայն քչերին է հայտնի, թե ինչպիսին է այն լինելու, թողարկման կոնկրետ ամսաթիվը, գինը, դիզայնը և հնարավորությունները: Մինչ մամլո ասուլիսը, որը կազմակերպվել էր վերջերս, նույնիսկ որոշ անհավանական լուրեր էին պտտվում, այդ լուրերը հերքվել են, սակայն վերոնշյալ հարցերը չեն կորցրել իրենց արդիականությունը: Այդ իսկ պատճառով էլ այս և մնացյալ հարցերի պատասխանները ստանալու համար էլ որոշեցինք հարցազրույց վերցնել Վահան Շաքարյանից:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի կրճատված և խմբագրված տարբերակը:

— Նախատեսվա՞ծ է կոնկրետ գումար, որը ներդրվելու է նախագծի իրականացման համար, կամ կա՞ արդեն այդ գումարը:

— Մենք նշել ենք, որ պլանավորում ենք մինչև 6-ից  6.5 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ անել սկզբնական փուլում՝ ArmTab-ի բիզնեսը Հայաստանում սկսելու համար: Բայց երբ գրում են՝  6.5 միլիոնն այրդեն ներդրված է…որտե՞ղ է ներդրված: Մեր արտադրամասը նույնիսկ պատրաստ չէ, դեռ արտադրություն չունենք, դեռ մեզ հատկացված արտադրամասերի դիզայնն ենք անում: Իսկ մարդիկ ասում են, որ մենք արդեն 6.5 մլն գումար ենք ներդրել: Սա անհեթեթություն է և չեմ ել կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է գրել այդ մասին:

Արդյոք զարմանալի չէ, որ ԱՊՀ երկրներից տնտեսապես ամենաթույլից  մեկում՝ Հայաստանի Հանրապետությունում, նորարարական ոլորտի արտադրություն է սկսվում:

— Ո՛չ: Ինձ թվում է այստեղ տեղեկատվության պակաս է, թե ինչ ներուժ մենք ունենք Հայաստանում: Ցավոք սրտի, այն աշխատանքների մասին, որ այսօր միջազգային մասշտաբով արվում են Հայաստանում, շատ քիչ է լուսաբանվում կամ ընդհանրապես չի լուսաբանվում: Մի քանի օրինակ կարող եմ բերել, որպեսզի պատկերացում կազմեք: MTK-ի՝ ճանաչված կազմակերպության չիպերի դիզայնի շատ որոշիչ մաս արվում է այստեղ՝ Հայաստանում՝ մեր Հայաստանի երիտասարդ մասնագետների կողմից: Նույնը Intel-ի հետ կապված, բայց այդ մասին չի խոսվում: Այսինքն, մեր Հայաստանի մասնագետների, նրանց մակարդակի, պատրաստականության մասին տեղեկությունը հայտնի չէ հասարակության լայն շերտերին, և հենց այդ պատճառով է, որ այնպիսի տպավորություն է, թե ինչպես պետք է անենք, մենք այդքան մարդ չունենք, այդ մակարդակի մասնագետներ չունենք: Մինչդեռ դա սխալ կարծիք է, և ես Ձեզ վստահեցնում եմ և ամբողջ պատասխանատվությամբ ասում, որ մենք Հայաստանում ունենք չտեսնված միջազգային մասշտաբի մասնագետներ, և սխալ չէ այստեղ նման բիզնես սկսելը:

Ի միջի այլոց, ArmTab-ի մասին լուրերը տարածելուց հետո երկու-երեք կազմակերպություն, որոնք ԱՄՆ-ում են և երկար տարիներ աշխատում են հայ մասնագետների հետ, Լոս Անջելեսի հայկական թերթերով, հեռուստատեսությունով հայտարարեցին. «մենք էլ ենք աշխատում հայ մասնագետների հետ, արդեն երեք տարի է իրենք այդպիսի գործ են անում», իսկ մինչ այսօր այդ մասին չէր խոսվում:

-Ո՞րն է լինելու ArmTab-ի առաքելությունը, ի՞նչին է այն նպաստելու:

-Առաջին հերթին, ArmTab-ի արտադրությանը չի կարելի նայել մեկ տեսանկյունից, թե գալու են բաղադրամասեր, որոնք այստեղ պետք է հավաքվեն և հետո արտահանվեն: Դա, իհարկե, հիմնական աշխատանքի մի մասն է կազմում, սակայն շատ փոքր մասը: Հիմնականը այն է, որ, «assembled in Armenia»-ն, այսինքն՝  «հավաքված է Հայաստանում»-ը, հույս ունենք մեկ-երկու տարում դառնա  «made in Armenia» : Մի նոր սարք, որը, հույս ունենք, minno-ի օգնությամբ կմտնի համաշխարհային շուկա: Դա կբերի նոր աշխատատեղեր, կստեղծի նոր բիզնեսներ, կտա նոր հնարավորություններ Հայաստանի տնտեսական վիճակը բարելավելու ոչ միայն մեր պլանշետների վաճառքով, այլև ընդհանրապես ՏՏ ոլորտում: Հայաստանի այսօրվա աշխարհաքաղաքական վիճակը հաշվի առնելով,  երևի թե միակ հնարավորությունն է սա, որը կարող է մեծ փոփոխություն մտցնել Հայաստանի տնտեսության մեջ, որովհետև մենք ունենք այդ ներուժը, ունենք լավ ուսումնական հաստատություններ, պատրաստում ենք լավ մասնագետներ, բայց չունենք բավականին աշխատատեղեր: Եվ այս ամենը հնարավոր է փոխել ArmTab-ի միջոցով: Որպեսզի արտասահմանում, երբ ասես Armenia, չասեն Albania կամ Romania, այլ ասեն oh, Armenia — IT: Խորհրդային միության ժամանակ մենք եղել ենք, այսպես ասած այդ ողջ միության սիլիկոնային հովիտը, և կարծում եմ, որ դա հնարավոր է վերականգնել և ավելի առաջ գնալ:

— Խոսեցինք արտահանման մասին, նախատեսե՞լ եք երկրներ կամ տարածաշրջաններ, ուր արտահանվելու է ArmTab-ը:

— Այո:Նախ, հարևան երկրներ՝ նախկին խորհրդային միության հանրապետություններ, բացի դրանից սփյուռք՝ հայկական համայնքներ, և Հակաստանից դուրս գտնվող հայկական դպրոցներ, բիզնեսներ՝ տարբեր երկրներում…

— Այսինքն Թուրքիա՞, Ֆրանսիա՞, այլ եվրոպական երկրնե՞ր:

— Թուրքիայում հայկական շաբաթաթերթը հոդված է տպագրել ArmTab-ի մասին, և մենք ունենք բազմաթիվ նամակներ թուրքահայ մեր հայրենակիցներից, ովքեր պատրաստ են գնելու մեր պլանշետները: Այսինքն, եթե մենք  այսօր ունենայինք արտադրություն և ունենայինք պատրաստի ArmTab-ներ, հենց այսօր էլ կարելի էր հազարից ավելի ArmTab վաճառել: Բացի այդ, մենք պլանավորում ենք նաև ArmTab-ն արտահանել Միացյալ նահանգներ, Կանադա և Հարավային Ամերիկա: Իհարկե, առաջին թիրախը հայկական համայնքներն են:

Մի բան էլ ավելացնեմ, նույնիսկ minno-ի արտադրության պլանշետների մեջ, ինչպես այստեղ է գրված (ցույց է տալիս ArmTab-ը), լինելու է «assembled in Armenia»: Այսինքն, անկախ նրանից՝ դա վաճառվում է հայկական համայնքին, թե ոչ, բոլորը տեսնելու են, որ minno-ն հավաքված է Հայաստանում: Ինձ թվում է, որ սա բավական մեծ քայլ է Հայաստանի ՏՏ ոլորտի համար:

-Հաշվի առնելով Մաքսային միությանը անդամակցելու լուրը՝ ինչքանո՞վ  ձեռնտու կլինի արտահանել ոչ ՄՄ երկրներ:

-Ճիշտն ասած, դա մեզ չի անհանգստացնում, մի քանի պատճառով: Առաջին հերթին, մենք գործում ենք ազատ տնտեսական գոտում, որն արդեն ազատված է այդ մաքսատուրքերից: Դա նշանակում է, որ մեր արտադրանքի արժեքը կլինի մրցունակ ՄՄ անդամ չհանդիսացող երկրների համար ևս:

— Կարծիք կա, որ ArmTab-ի գին/որակ հարաբերակցությունը չի համապատասխանում իրականությանը, որ ArmTab-ն ավելի մատչելի պետք է լիներ և արդեն ինչ-որ գին կա ներկայացված: Որոշվե՞լ է պլանշետի գինը:

— Սա այն պատճառներից մեկն է, որ մենք ասուլիս կազմակերպեցինք, որովհետև դեռ չենք որոշել արժեքը, բայց որոշ մարդիկ դա արել են և գրել են, որ ArmTab-ը վաճառվելու է որոշակի գնով, և սկսել են համեմատել տարբեր կայքերի հետ, որտեղ կարելի է գնել ավելի էժան կամ ավելի թանկ, կամ համեմատել են տեխնիկական մասը և այլն: Այս ամենի պատճառն այն է, որ, տեղեկությունը ճիշտ չի հասնում: Դրա համար այդ ասուլիսից հետո հույս ունենք, որ այն, վերջապես, կօգնի մարդկանց հասկանալու, մեր բիզնեսի առավելությունն ինչում է կայանում և ինչպես է արժեքը որոշվում:

Այսօր, նորից եմ կրկնում, գինը դեռ չենք կարող ասել, որովհետև մեր ներդրումների, աշխատուժի, աշխատավարձերի և այլնի հաշվարկներն ենք անում : Մինչև այդ հաշվարկների արդյունքները տեսնելը, ինչպե՞ս կարող ենք որոշել ապրանքի գինը: Երկրորդ, համեմատական տանելը նմանատիպ տեխնիկական պարամետրերով որևիցե այլ արտադրանքի հետ սխալ է, քանի-որ մեր բիզնեսի ստրուկտուրան B2B-ն է, մենք միայն վաճառում ենք բիզնեսներին, այսինքն minno-ն խանութներում չենք վաճառում: Եվ ընդհանրապես, եթե ցանկացած բիզնես կառույց (նկարում է) պատկերենք որպես բաժակ, երկու ծայրերից մեկում R&D-ն է՝ Research and development, այսինքն՝ ինժիներական աշխատանքը, իսկ մյուսում բրենդն է՝ անվանումը,  իսկ ներքևի մասում հավաքումը:

Եթե վերցնենք, թե բիզնեսն ինչպես է փող աշխատում, ամենաբարձրը R&D-ն և բրենդն է: Մեր բրենդը և R&D-ն Հայաստանում են, իսկ արտադրությունը՝ մինչ օրս Չինաստանում էր: Բայց Չինաստանում մեր արտադրանքի որակը ապահովվում էր Հայաստանի ինժիներների կողմից: Այսինքն մենք ճանապարհորդում էինք՝ Հայաստանից մի խումբ ինժիներներ գնում էին Չինաստան, ամիսներով մնում էին այնտեղ, որ ստուգեն, հետևեն և այլն, որպեսզի կարողանանք ապահովել որակ: Այդ ամբողջ ծախսը ավելանում էր արտադրանքի արժեքի վրա:

Որոշում կայացվեց այդ արտադրությունը տեղափոխել Հայաստան՝ ազատ տնտեսական գոտի: Արտադրությունը Չինաստանից բերելով Հայաստան՝ հավաքում ենք նույն տեղում և՛ արտադրությունը, և՛ ինժիներական աշխատանքները: Այսինքն, շահում ենք դրանով: Եվ պայքարը Չինաստանի աշխատուժի աշխատավարձի հետ, իհարկե, սխալ է, բայց մենք որոշեցինք, որ այն ծախսերը, որ մենք անում ենք ճանապարհորդության ժամանակ, ավելի լավ է ծախսենք այստեղ լավ աշխատանքի վրա: Հետո էլ, այս իրավիճակը հեշտացնում է մեր հետագա աշխատանքը, որովհետև մեր պլանների մեջ չի մտնում այստեղ հավաքել  և արտահանել ու վաճառել, այլ ուզում ենք ArmTab-ը դարձնենք իրո՛ք հայկական:

Սակայն ողջ արտադրությունը Հայաստանում հիմնելը մեժ ծախսեր է պահանջում: Դրա համար միայն դիզայնը ամբողջովին հայաստանում անելը, իսկ արտադրությունը դարձյալ Չինաստանում շարունակելը, արդեն իսկ բավական է, որ ունենանք ամբողջովին հայկական պլանշետ: Դրա հետ միասին, աշխատելով Instigate-ի հետ(Ոստան, Արաքս համակարգերը), կունենանք ամբողջովին հայկական մի արտադրանք, որի վրա վստահորեն կարող ենք գրել made in Armenia:

-Ի՞նչ են իրենցից ներկայացնում Ոստան պլատֆորմը և Արաքս ինտերֆեյսը:    

— Ես շատ համառոտ կխոսեմ Ոստանի և Արաքսի մասին: Բայց խորհուրդ կտամ խոսել մեր գործընկերոջ՝ Instigate-ի հետ:  Ի միջի այլոց նշեմ, որ պատրաստվում ենք Նորայր Չիլինգարյանի հետ միասին անվճար տեղադրել այդ համակարգերը ArmTab-ի վրա: Իրենք կարող են ավելի մանրամասն բացատրել և ցույց տալ: Իրենք ունեն մեր ArmTab-ի նմուշները, որի վրա փորձարկում են, աշխատում և այլն: Ինձ թվում է ավելի մասնագիտորեն ճիշտ բացատրությունը կստանաք իրենցից:

Սակայն կուզենայի ավելացնել, որ մենք Instigate-ի հետ միասին որոշել ենք և արդեն հայտարարել մեր ասուլիսի ժամանակ, որ բաց մրցույթ ենք հայտարարել ArmTab-ի հետ կապված բոլոր հարցերի շուրջ: Եթե կան կազմակերպություններ կամ մասնավոր անձինք, ովքեր առաջարկություններ ունեն արտաքին դիզայնի, PSP-ի դիզայնի, դրայվերների, տեսախցիկների հետ կապված և այլ ցանկացած հարցով, մենք ընդունում ենք այդ առաջարկությունները, որ հետո բոլորս միասին քննարկենք, և այն առաջարկությունները կամ անձինք, որոնք/ովքեր առավել կհամապատասխանեն մեր բիզնես-ծրագրերին և կլինեն յուրահատուկ, կֆինանսավորվեն կամ կընդունվեն աշխատանքի:

— Ձեր պլանները ArmPhone-ի հետ:         

— Ըստ իր բիզնես կառուցվածքի ArmPhone-ը նման է ArmTab-ին: Սկզբունքը նույնն է: Բրենդի վրա փող ծախսելու փոխարեն, մենք գտել ենք ուրիշ ճանապարհ: Որովհետև այսօր պայքարելն Apple-ի կամ Samsung-ի դեմ անհեթեթ է: Քանի որ մեր բիզնես ստրուկտուրան B2B է՝ մենք վաճառում ենք բիզնեսներին, և մենք չունենք պատվերի սահմանափակում, դուք կարող եք պատվիրել հարյուր հատ, հիսուն կամ երկու հարյուր կամ հազար հատ՝ ներկայացնելով ձեր տեխնիկական կամ հավելվածների պահանջը: Մենք վաճառում ենք պլանշետներ և հեռախոսներ, որոնք հարմարեցվում են ըստ պահանջի՝ բիզնեսի համար:

Իսկ Դուք ինքներդ օգտագործում եք mino պլանշետ:

— Անխոս: Հատկապես բիզնեսի մեջ:

— Ինչու՞ որոշեցիք ԱՄՆ-ից գալ Հայաստան և գործունեություն ծավալել այստեղ:

— Ես տուն եմ վերադարձել:

Կուզեյի դիմել մեր հայրենակիցներին, ի՛մ հայրենակիցներին, միացե՛ք մեզ, եկեք ստեղծենք մերը միասին: Պետք չէ, որ մենք լինենք սպասողի դերում, թե ով ինչ է մեզ տալու: Մենք աշխատող ազգ ենք, խելացի ազգ ենք, եկե՛ք բոլորով միանանք և ստեղծենք մերը՝ անկախ նրանից՝ դա կլինի ArmTab, ArmPhone, ArmAuto  և այլն: Կերտենք միասին, ստեղծենք նորը և ունենանք մի քիչ համբերություն:

Close
Close