«Միասին դեպի թվային ապագա». N2 միջազգային ֆորումը միավորել է ինտերնետի պատասխանատուներին

Հոկտեմբերի 10-12-ը Երևանում տեղի ունեցավ N2 միջազգային եռօրյա ֆորումը, որը հյուրընկալել էր տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներին. Տեղական և միջազգային ինտերնետային կազմակերպությունները հավաքվել էին քննարկելու տեխնոլոգիական մարտահրավերները։

«Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով համաժողովն անցկացվում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ICANN-ի նախագահ և տնօրեն Յորան Մարբին, RIPE NCC-ի տնօրեն Աքսել Պավլիկը, Ինտերնետ Հասարակության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը, ArmIGF համակարգող Լիանա Գալստյանը, Հայաստանի Օպերատորների Միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։

6 առանձնահատուկ միջոցառում՝ մեկ համաժողովի շրջանակներում

Առաջին անգամ իրականացվող համաժողովն առանձին միջոցառումների շարք է, որի նպատակն է ստեղծել ընդհանուր հարթակ ցանցային օպերատորների, ծառայություններ մատուցող ընկերությունների և ՏՀՏ համայնքի այլ ներկայացուցիչների համար:

«N2» միջազգային համաժողովի շրջանակում ներառված էր 6 առանձնահատուկ միջոցառում՝ Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, ICANN Արևելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը և «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop):

Համաժողովը միավորում էր մասնավոր ոլորտին և այն միջազգային կազմակերպություններին, որոնք աշխատում են ինտերնետի կենսագործունեությունն ապահովելու համար՝ քննարկելու խնդիրներն ու հնարավորությունները, ինչպես նաև ոլոտի նորարարությունների մասին տեղեկանալու և համատեղ նախաձեռնություններ իրականացնելու նպատակով:

MWnews- ի հետզրույցում Կովկասիև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում RIPE NCC-ի արտաքին հարաբերությունների տնօրեն Վահան Հովսեփյանն ասաց, որ «Այս համաժողովին ժամանած այսպես ասած գլխավոր ինտերնետ կառույցների ղեկավարները հանդիպեցին նախարարի և փոխնախարարիհետ և քննարկումներ տեղի ունեցան, թե ինչ կոնկրետ գործողություններ պետք է անել, որպեսզի այս պահից սկսած մենք կարողանանք ոչ միայն այստեղ հանդիպենք և միջոցառումներ կազմակերպենք, այլև կոնկրետ քայլերով զարգացնենք Հայաստանի ինտերնետ ոլորտը և ներդաշնակեցնենք Հայաստանի զարգացումը ամբողջ տարածաշրջանին և աշխարհին»,- ասաց Վ. Հովսեփյանը՝ նշելով, որ դրա համար մի քանի ուղղություններ են վերցրել, որոնցից են օրինակ, պետական մարմինների կարողությունների զարգացումը:

Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանը այս տարվա հունվարից թռիչքաձև աճ է արձանագրում IPV6 ներդրման առումով. Հայաստանը երկրորդ տեղն է դուրս եկել Ռուսաստանից հետո, ու շատ հնարավոր է, որ առաջիկայում մեր երկիրը նունիսկ առաջին տեղում հայտնվի, քանի որ երկու հայկական ընկերություններ շատ ակտիվ կերպով զարգացնում են այդ ամենը Հայաստանում:

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանի խոսքով, N2 միջազգային եռօրյա ֆորումի շրջանակներում իրենց կողմից Հայաստանում առաջին անգամ անցկացվեց հայկական ցանցային օպերատորներ խմբի առաջին համաժողովը, որը վերաբերում էր հեռահաղորդակցության ոլորտի զարգացման խնդիրներին և մարտահրավերներին և այլն:

«Մեր նպատակն էր դաշտ ստեղծել, որտեղ Հայաստանից և տարածաշրջանից օպերատորները կհավաքվեն և կքննարկեն այն թեմաները, որոնք այժմ շատ կարևոր են, որովետև այսօր տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, ուստի օպերատորները, մասնավորապես ցանցային օպերատորները, որոնք ներդրումներ են անում իրենց կազմակերպություններում, պետք է արդարացված և արդյունավետ ներդրումներ կատարեն»,- ասաց Ք. Գյոնջյանը՝ ավելացնելով, որ ըստ որոշ կանխատեսումների արդեն հաջորդ տարվա բյուջեն մեծամասամբ ձևավորվելու է հենց թվային տեխնոլոգիաների միջոցով:

Ք. Գյոնջյանի տեղեկացմամբ, իրենց կողմից կազմակերպվող ցանցային օպերատորների հետ միասին խոսել են նաև ինտերնետի զարգացման և օրենսդրական դաշտի վերանայման անհրաժեշտության մասին, քանի որ տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, իսկ ոլորտին վերաբերող մեր օրենսդրությունը վերանայման անհրաժեշտություն ունի. Պայմանավորվածություն են ձեռք բերել, որ շարունակելու են աշխատել անմիջականորեն կառավարության հետ օրենսդրական դաշտի վերանայման համար:

ArmIGF համակարգող, ICANN- ում վերջնական օգտագործողների շահերը պաշտպանող խմբի փոխնախագահ Լիաննա Գալստյանի խոսքով՝ ինտերնետի զարգացումը թվային տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչներից մեկն է. «Նախկինում մենք որևէ կերպ չէինք կարող պատկերացնել, որICANN-ը կարելի է բերել Հայաստան: Շատ մարդիկ այստեղ չգիտեն, թեICANN-ը ինչով է զբաղվում, մինչդեռ այս կազմակերպությունն անգամ իր աջակցությունն է տալիս, որ մասնագետները գան, մասնակցեն և իրենց խոսքը ասեն. այս առումով կարևոր է ,որ մեր տեղական համայնքը տեղեկացված լինի և մասնակցի նման օրինակ միջացառումներին»,- ասաց Լ. Գալստյանը՝ հավելելով, որ նմանատիպ միջացառումները կարևոր են նաև որպես արդյունք նոր կապեր և միմյանց հետ համագործակցելու նոր հնարավորություններ ստեղծելու համար:

«Նման ֆորումները կարևոր են, մարտահրավերները քննարկելու, նաև Հայաստանի տարածքում ինտերնետի տարածվածությանը նպաստելու ու մեր երկիրն ինտերնետի տարանցիկ երկիր դարձնելու համար», — ասաց ArmIGF համակարգողը։

Նշենք, որ եռօրյա համաժողովում քննարկվում էին՝ Հայաստանը որպես Եվրոպան ու Ասիան միմյանց կապող խոշորագույն ինտերնետ ենթակառուցվածքներ ունեցող երկիր, հյուսիս-հարավ թվային միջանցքներ, Հայաստանի թվային ապագան և այլն։ Պանելային քննարկումներին մասնակցեցին պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Համաժողովի կազմակերպիչներն են՝ Հայաստանի օպերատորների միությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, ICANN ընկերությունը (Հատկացված անունների եւ համարների Ինտերնետ կորպորացիա), «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, «RIPE NCC» ընկերությունը, «ISOC IoT SIG» հետաքրքրությունների խումբը:

Լուսինե Մովսիսյան

Close
Close