Զանգի. Skype-ին մենք արդեն անցել ենք տեխնոլոգիապես

MWnews-ը այցելել էր Զանգի` տեղում ծանոթանալու արդեն բավական ճանաչում գտած համանուն հայկական ծրագրին, որն ըստ ստեղծողների հավակնում է գրավել առաջատարի դիրքերը՝ տեսազանգերի ծառայություն առաջարկող այնպիսի արդեն հայտնի անունների կողքին ինչպիսին է Skype-ը, Viber-ը, Wats App-ը և այլն:
Շատ շուտով, հենց այս ամսին՝ մայիսին, Զանգին կներկայանա օգտագործողներին նոր թարմացված տարբերակով, որում որակական մի շարք բարելավումներ են կատարվել: Դրանցից են օրինակ՝ կապի հաստատման արագությունը, ծրագրում գրանցվելու հնարավորությունների բարելավվումը և այլն: MWnews.am-ի հետ զրույցում Զանգի ընկերության տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը նշեց, որ իրենք նոր տարբերակի թարմացումները կատարելիս հաշվի են առել այն բոլոր մեկնաբանություններն ու արձագանքները, որոնք ստացել են օգտագործողներից՝ Զանգի-ի կայքի կամ Facebook-ի էջի միջոցով: «Մենք բոլոր պլատֆորմներում առանձնակի ուշադրությամբ հետևում ենք արձագանքներին, և մեր ամբողջ թիմն աշխատում է հիմա, որպեսզի մարդկանց տանք հարմար մի գործիք, որը նրանք կօգտագործեն առանց որևէ անհարմարություն զգալու»,- ասաց Վ. Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ Զանգի-ի նոր տարբերակում ծրագրի արտաքին տեսքի մասով որոշակի փոփոխություններ են կատարել, ինչի շնորհիվ ծրագիրն ավելի հարմար է դարձել օգտագործման համար: Ընդհանուր առմամբ, ձայնային զանգերի և տեսազանգերի որակն ավելի է բարձրացվել, սակայն հավելվածում դրական փոփոխություններն այսքանով միայն չեն ավարտնի, ըստ ընկերության ղեկավարի՝ ոչ այս տարբերակում, սակայն Զանգի-ի հաջորդ տարբերակում, որը նախատեսվում է թողարկել արդեն մայիսի վերջին կլինեն նաև այլ նորություններ, օրինակ Group chat-ի հնարավորությունը, որն այժմ գրեթե ամբողջությամբ պատրաստ է, մնում է միայն փորձարկումը: Այսինքն՝ հավելվածը գնալով ավելի է լավանալու…
-Խոսենք գաղափարի մասին. ընդհանրապես քանի՞ հոգի են ներգրավված նախագծում, ովքեր են նրանք և երբվանից եք սկսել աշխատել Զանգի-ի վրա:
— Մենք սկսել ենք ամենասկզբից, գրեթե նույն ժամանակ, երբ սկսել է Viber-ի աշխատանքը, միգուցե 2 ամիս շուտ կամ ուշ, դա մոտ 2008-2009 թվականներն էր: Իրականում այդ ժամանակաշրջանում սմարթֆոնների հեղափոխություն էր և հենց այդ ժամանակ էլ ինձ մոտ գաղափարը կար, ու մտածում էի, թե ապագայում ինչ է փոխվելու և ընդհանրապես ինչ հավելվածներ են գրվելու: Այդ ժամանակ ես մտածում էի, որ GSM-ը պետք է փոխվի, որովհետև այն անալոգային է. գալիս են թվային տեխնոլոգիաներ, սմարթֆոններ, իսկ ես՝ որպես ծրագրավորող, հասկանում էի, որ տեխնիկապես այդ ամենը հնարավոր է իրագործել ու այդպիսով՝ մարդկանց կյանքը վերջնական ավելի լավը, ավելի հեշտ և ավելի էժան դարձնելու հսկայական պոտենցյալ կա, այսինքն՝ այդ ուղղությունը շատ զարգացող ուղղություն է: Հենց այդ ժամանակ էլ մենք սկսեցինք մեր առաջին քայլերը:
— Այսինքն միտքը Ձերն է և Դուք մասնագիտությամբ:
— Այո միտքն իմն է, ես ծրագրավորող եմ, ավարտել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:
— Թիմի մասին խոսենք. թիմի անդամները ևս հայեր են:
— Այո, թիմի անդամները հայեր են՝ Հայաստանից, սակայն մեր Զանգին որպես իրավաբանական անձ գտնվում է Սինգապուրում. դա արված է ընկերությանը միջազգային ընկերության կարգավիճակ տալու համար, բացի այդ սինգապուրյան օրենսդրությունը շատ հարմար է միջազգային ներդրողների համար Զանգի-ում ներդրումներ կատարելու համար: Այսինքն՝ ընկերությունը գրանցված է Սինգապուրում, բայց հիմնականում և’ հիմնադիրները, և’ մնացած մեր թիմի անդամները հայեր են, աշխատում և ապրում ենք այստեղ՝ Հայաստանում:
Ընդհանուր մեր թիմն այժմ մոտ 25 հոգի է, բայց սկսել ենք ավելի համեստ թիմից, իսկ հետագայում մեծացրել այն:
Իրականում իր ամբողջ համակարգով Զանգին նույն է, այնպես, ինչպես ասես մեկ հեռահաղորդակցական (telecom) օպերատոր փորձես պատրաստել, և մենք փաստորեն աշխարհի մասշտաբով փորձում ենք նման բան ստեղծել: Զանգին հենց նման դիրքավորմամբ էլ հանդես է գալիս. մենք նոր սերնդի հեռահաղորդակցական օպերատոր ենք և նոր հնարավորություններ ենք բերում օգտագործողների համար: Այսինքն՝ մենք եկել ենք GSM-ին փոխարինելու մեր առավելություններով հանդերձ: Ճիշտ է, առաջին փուլում միգուցե կունենանք թերություններ GSM-ի համեմատ, սակայն մեր առավելություններն ակնհայտ են, իսկ այդ ամենն ընդամենը ժամանակի, ավելի բուռն աշխատանքի և կատարելագործման հարց է:
-Ներդրողների և ծախսերի մասին. որքան գումար է ներդրվել: Հետաքրքիր է, ովքեր են ներդրողները:
— Չեմ ուզում կենտրոնանալ գումարների վրա. դրանք կոմերցիոն գաղտնիք են, սակայն պատկերացում կազմելու համար միայն կնշեմ, որ բավական մեծ գումարներ են. դուք կարող եք պատկերացնել օրինակ 25 հոգանոց ՏՏ ընկերություն պահելու համար մոտավորապես որքան գումար է անհրաժեշտ, նույնիսկ հայկական չափորոշիչներով դա բավական պատկառելի գումար է կազմում: Ինչ վերաբերվում է ներդրողներին, ապա նշեմ, որ ներկա դրությամբ ներդրողները հայեր են՝ Հայաստանի հայեր են: Նույնիսկ մենք ունենք ներդրումներ, անձամբ ես առաջինը Զանգի-ում ներդրող եմ հանդիսանում, իմ անձնական գումարները ներդրել եմ՝ այդպիսով ցույց տալով, որ ես հավատում եմ Զանգի-ի հաջողությանը: Մեր ողջ թիմը հավատում է մեր գործի հաջողությանը ու այժմ ներդրումներ կատարողները Հայաստանի հայեր են, իհարկե առաջիկայում կունենանք շատ ավելի մեծ ներդրողներ՝ առաջ գնալու համար: Կան շատ հետաքրքրված մարդիկ, ովքեր մեզ հետ աշխատում են՝ շատ լավ հասկանալով այն բոլոր ռիսկերն ու նաև ողջ պոտենցիալը, որ Զանգին ունի՝ համաշխարհային շուկայում անուն ունենալու և հաջողված նախագծերի մեջ իր տեղը զբաղեցնելու գործում:
— Որքա՞ն ժամանակ է տևել Զանգի-ի փորձարկումը:
— Փորձարկումը բավական երկար ժամանակ ենք կատարել: Զանգի-ի Android ՕՀ-ի համար նախատեսված տարբերակը մենք սկսել ենք 2014 թվականի նոյեմբերի 18-ից, սակայն App Store-ում iOS ՕՀ-ով աշխատող սարքերի համար փորձնական տարբերակը մոտ 2 տարի է՝ ունենք: Այն փորձնական տեղադրել էինք և հետևում էինք բոլոր արձագանքներին:
-Իսկ սեղանի համակարգիչների համար տարբերակ լինելու է:
-Այո, դա կլինի հավանաբար աշնանը: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, պարզապես համեմատության համար նշեմ, որ նույն Viber-ում այժմ աշխատում են մոտ 200-300 հոգի, դեռ չեմ ասում Skype-ի մասին, որտեղ շատ ավելի շատ թվով մարդիկ են աշխատում, իսկ մենք աշխատում ենք 20-25 հոգուց բաղկացած թիմով: Իրականում մեր այս գործը մեծ մասշտաբի հեռահաղորդակցական օպերատորի ամբողջ մի համակարգ է, որտեղ Զանգին ուղղակի այդ ամենի ընդամենը մեկ գագաթն է: Այդ բոլոր հնարավորությունների ներգրավվումը մեր ծրագրում պարզապես ժամանակի հարց է, քանի որ մեր և’ գիտելիքը, և’ տեխնոլոգիաները, թույլ են տալիս ունենալ սեղանի համակարգիչների համար նախատեսված տարբերակ և ոչ միայն:
— Զանգի-ի առավելությունների մասին խոսենք. Skype, Viber և Զանգի, կարող ենք թվարկել Զանգի-ի 5 առավելություն:
-Նախ առաջին Զանգին թույլ ինտերնետի ժամանակ իրեն ավելի կայուն է պահում, այսինքն՝ ավելի հասանելի է, այդ դեպքում դուք ավելի շատ հնարավորություն ունես զանգել Զանգի-ով: 2. Զանգին օգտագործում է մոտ 2 անգամ ավելի քիչ ինտերնետի ծավալ (traffic), քան Skype-ը: 3.Զանգին տրամադրում է գույների ավելի բնական հագեցվածություն (անգլ.-saturation): Նույնիսկ թույլ լուսավորության պայմաններում Զանգին ապահովում է ավելի պարզ պատկեր և ունի ավելի բարձրորակ վիդեոյի հնարավորություն, օգտագործում է ավելի քիչ սիստեմային ռեսուրսներ, այդ թվում՝ մարտկոցի (ակումուլյատորի) կյանք և այլն:
— Լուրեր կային, որ Զանգին ձայնագրելու հնարավորություն է տալիս:
— Ոչ, ձայնագրելու հնարավորություն այն այժմ չի տալիս, դա կունենանք հետագայում. այդ ուղղությամբ մենք աշխատում ենք, սակայն նշեմ, որ իրականում այդտեղ գաղափարը ոչ թե օգտատերերին ձայնագրել է, այլ ժամանակացույց (timeline) ստեղծելն է, ինչպես օրինակ՝ Facebook-ում է, որպեսզի մարդիկ իրենց կյանքի տարբեր փուլերը ռեալ՝ ձայնով, տեսազանգով և նկարներով: Այդ ծառայությունը, սակայն, վճարովի է լինելու, այսինքն հատուկ հնարավորություն է լինելու, որից կարող են օգտվել միայն ցանկացողները: Այդ ամենի համար մենք հատուկ ամպային ծառայություն ենք տրամադրելու, որը կլինի շատ պաշտպանված և անվտանգ: Անվտագության մասով նշեմ, որ Զանգին Skype-ի համեմատ ավելի պաշտպանված է, այն ունի 2048 բիթանոց պաշտպանված շարժուն (Dynamic) բանալի: Այսպես, ամեն զանգը մեկ բանալի է, և, եթե, նույնիսկ որևէ զանգի բանալին գտնեն, հաջորդի դեպքում կրկին պետք է նորից կոտրեն բանալին: Դրանից բացի, մենք ունիկալ ալգորիթմ ենք գրել, որը խառնելու հնարավորություն (shuffling) ունի, այսինքն՝ այն այդ բոլոր բիթերը սկսում է ամբողջությամբ խառնել իրար՝ հատուկ ալգորիթմով և մինչև դա գտնեք և կարողանաք այն հասցնել իսկական տվյալի, որպեսզի կարողանաք կարդալ, ալգորիթմը կրկին կխառնի այդ ամենը. սա յուրահատուկ բան է, որը օրինակ՝ Skpye-ում չկա:
-Զանգի-ի ներբեռնումների քանակը որքա՞ն է:
-Ներբեռնումների քանակը App store-ում և Android մարկետում այժմ միասին մոտ 170 հազար է, և այդ թիվն անընդհատ ավելանում է:
— Ներբեռնումների քանակը բավական քիչ է, եթե համեմատենք այս ոլորտում արդեն հայտնի անունների հետ, ինչով եք վստահ, որ Զանգին կանցնի Skype-ին և նմանատիպ այլ ծառայություններին:
— Մենք արդեն այդ թեստն անցել ենք, երբ օրինակ՝ 100 հոգի էր ներբեռնում ծրագիրը մտածում էինք, որ հնարավոր է դա պարզապես մշտապես նորությամբ հետաքրքրված մարդկանց խումբ է, բայց արդեն կան տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր օգտագործում են Զանգին և մոտ 2500 հոգու գնահատական արդեն դրված է: Պետք է նշել, որ մեզ մոտ ակտիվ օգտագործողների քանակը շատ բարձր է, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ հավանում են հավելվածը: Այսինքն՝ այնպես չէ, որ նորություն է քաշեցին, իսկ հետո արդեն ջնջում են և վերջ: Այստեղ իհարկե պարզապես կա մի բան. քո ընկերներն էլ պետք է ունենան Զանգի, որպեսզի դու կարողանաս խոսել նրանց հետ և հենց այդ պատճառով է, որ օգտագործողների քանակը քիչ է, և մենք բավական կորուստ ենք ունենում, բայց այդ կորուստները և ամեն ինչ հաշվի առնելով հանդերձ մեզ մոտ ակտիվ օգտագործողների թիվը մեր ընդհանուր թվի մոտ 50%-ից բարձր է: Ինչ վերաբերում է Skpye-ին, ապա մենք արդեն անցել ենք տեխնոլոգիապես, իսկ քանակի մասով դեռևս աշխատում ենք, պետք է, որ շուտով անցնենք: Ես հավատում եմ, որ լավ բանը միշտ իր տեղը գտնում է:
— Ձեր ընկերությունը մինչ Զանգին արդյոք նմանատիպ ծրագրեր կամ այլ ծրագրեր ունեցել է:
-Մեր ընկերությունը մինչև Զանգի ընկերություն դառնալը զբաղվել է աութսորսինգ-ով, բայց ոչ դասական աութսորսինգ-ով: Այսինքն՝ հենց սկզբնական շրջանում մենք ստեղծեցինք կենդանի հեռարձակման (live streaming) տեխնոլոգիա, որը ձայնի և տեսազանգերի իրական ժամանակում տեղափոխումն էր և աութսորսինգի միջոցով արտահանում էինք մեր ստեղծած տեխնոլոգիան: Այսինքն՝ մենք ունեինք հստակ պատվերներ և մեր թիմը այդ տեխնոլոգիան տրամադրում էր տարբեր երկրների՝ սկսած արաբական երկրներից մինչև Կանադա, Միացյալ Նահանգներ, Եվրոպա, Ռուսաստան: Հետո արդեն որոշեցինք, որ պետք է ունենանք մեր սեփականը:
— Ինչպես կանգնեցիք հենց Զանգի անվանման վրա:
— Զանգի անունը միանշանակ առաջատար էր, բայց որպեսզի բազմակարծություն ապահովեինք մեր փորձեցինք ուրիշ անուններ էլ մտածել և հարցումներ անցկացնել հավելվածի անվան հետ կապված տարբեր երկրներում: Մենք մոտ 10-ից ավել երկրներում՝ անգամ Ճապոնիայում հարցումներ անցկացրեցինք, սակայն այլ անունների կողքին Զանգին միանշանակ հաղթեց, այն տարբեր լեզուներով՝ անգլերենով, ճապոներենով, ռուսերենով, հայերենով, արաբերենով, պարսկերենով, վրացերենով և այլ լեզուներով բավական հնչեղ էր և այն բոլոր երկրներում որտեղ մենք հարցում էինք անցկացնում հիմնականում Զանգի-ին մոտ 85% դրական արձագանք էր ունենում, իսկ մնացած անվանումները միանշանակ շատ էին զիջում Զանգի-ին: Սկզբում մտածում էինք Զանգ, բայց դա հնչեղ չի, իսկ Զանգին իր հնչեղությամբ շատ հնչեղ է տարբեր լեզուներով:
Ի դեպ, նշեմ, որ Զանգին՝ Աթաբեկ Խնկոյանի «Զանգի զրահանգի»-հեքիաթի զանգին է, այլ ոչ թե հայերեն խոսակցական զանգին է. շատերը մինչ այսօր մեզ նամակներ են ուղարկում, որ. «Զանգի չի, զանգիր ա ճիշտ տարբերակը»:
— Լոգոյի հետ կապված. Ի՞նչ է ներկայացնում լոգոյի գաղափարը՝ այդ շրջանը.. գուցե զանգի հետ ինչ-որ կապ ունի:
— Լոգոն ամենահին սիմվոլներից մեկն է, այն մի կողմից նշանակում է արև, մյուս կողմից նշանակետ, այսինքն՝ ուղղություն, ուղղվածություն, դեպի որը շարժվում ենք: Զանգի (колокол) հետ այն կապելը չենք ուզում: Իրականում այս լոգոն շատ բաներում օգտագործվում է, բայց այդ, այն մարդկանց մոտ հոգեբանորեն լուրջ ազդեցություն ունի ու մարդն ասես ուզում է այն սեղմել, ասես սեղմելու կոճակ է: Մեզ մոտ մանրուքներ չկան, մեր աշխատանքում ոչինչ մանրուք չէ, նույնիսկ այդ «փոքրիկ» կոճակը: Այսինքն՝ մենք ամեն «մանրուք» հաշվի ենք առել` փորձելով ստեղծել մի արտադրանք, որը մարդը պետք է օգտագործի և հաճույք ստանա դրանից:
-Խոսենք Սիլիկոնային հովտում Ձեր հանդիպումների մասին: Ում հետ հանդիպեցինք և ինչ արդյունքներ ունեցան այդ հանդիպումները:
— Մենք ունենք հաջողված մի մոդել. մեր օգտվողների շրջանում շատ բարձր է տոկոսային ակտիվությունը, բարձր են նաև հայազգի և ոչ հայազգի օգտվողների գնահատականները, և այս ամենը ցույց է տալիս, որ մենք որպես ընկերություն և համաշխարհային մակարդակի լուծում (World class solution) արդեն կայացած ենք, ուղղակի պետք է մեր հաջողությունը բազմապատկել: Ահա սա էր այն, ինչ մենք փորձում էինք ուղղակի փոխանցել մեր պոտենցիալ ներդրողներին և մարդկանց, ովքեր ցանկություն ունեն մեզ հետ աշխատելու: Այսպես, մենք հանդիպումներ ունեցանք ամենատարբեր շրջանակներում՝ սկսած Facebook-ի, WհatsApp-ի, Messenger-ի թիմերի ու նաև պարզապես ՏՏ ոլորտի հեղինակությունների հետ: Ընդհանուր առմամբ մեր հավելվածը ներկայացրեցինք հայերի և ոչ միայն հայերի շրջանակներում. տարբեր ներկայացումներ (presentation) ունեցանք, և իհարկե նաև տարբեր մասնավոր անհատների հետ եղան հանդիպումներ: Այսինքն՝ այն ողջ ժամանակահատվածը, որ մենք այնտեղ էինք պարապ չենք մնացել:
Արդյունքների մասով պետք է նշել, որ դրանք շատ լավն էին, այսինքն՝ նախևառաջ տեխնոլոգիական առումով բոլորի կողմից միանշանակ ընդունվեց, որ մենք ունենք հաջողություն, այսինքն՝ մենք համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական լուծում/ հավելված ունենք: Իհարկե որոշ մարդկանց շրջանում մտահոգություն կար, որ շուկան արդեն գերհագեցած է, սակայն մեր մարքեթինգային հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ շուկայում օրական 3 մլն մարդ աշխարհից դեռ նմանատիպ հավելված է շարունակում ներբեռնել. այսինքն՝ շուկան շատ մեծ է: Կարևորվեց նաև այն, որ մենք ունենք հսկայական պոտենցիալ մարդկանց կյանքն ավելի հարմարավետ և ավելի լավը դարձնելու համար, հատկապես՝ ձայնի, տեսազանգի որակով տեղափոխման և նաև ավելի իրական շփում ապահովվելու ուղղությամբ շուկայում դեռ հսկայական գործ կա կատարելու:
— Ինչ ծրագրեր ունեք ապագայի հետ կապված և արդյոք հնարավոր է Զանգին վաճառվի ինչ-որ մի խոշոր ընկերության:
— Ապագայի հետ կապված կարևորը նպատակներից է Զանգին ավելի զարգացնելը և մարդկանց այս հաղորդագրությունը (message) հասցնելը, որ Զանգին ավելի հարմար գործիք է, քան օրինակ՝GSM-ը կամ այն ծառայությունները, որ առաջարկում են Զանգի-ի մրցակիցները:
Զանգին վաճառելու հետ կապված ներկա դրությամբ նման ծրագրեր չունենք: Բիզնեսի տեսանկյունից այժմ նույնիսկ անիմաստ է այն վաճառելը, որովհետև այստեղ հսկայական պոտենցիալ կա, և եթե մենք հիմա փորձենք վաճառել այն օրինակ՝ X գումարով, ապա մեկ տարի հետո այն կվաճառենք 100X գումարով, ուրմեն ինչի համար հիմա վաճառենք այն: Կա պոտենցիալ, որը մենք պետք է իրագործենք (realization), այսինքն՝ այնպես չէ, որ հիմա հասել ենք մի տեղ, որ չգիտենք ինչ անենք ու մտածում ենք այն վաճառելու մասին: Ոչ, ես այժմ տեսնում եմ Զանգին հարյուրապատկելու և հազարապատկելու հնարավորություններ ու ներկայում նման ծրագրեր չունենք: Իհակե ունենք ընկերներ, ովքեր աշխատում են հայտնի տեխնոլոգիական ընկերություններում, ովքեր ասում են, որ իրենց ընկերությունը հետաքրքրված կլինի և անգամ մեծ գումար կարող է առաջարկել, բայց հիմա մեզ դա չի հետաքրքրում, և մոտ ապագայում մենք դրանից շատ ավելի շատ ենք աշխատելու: Այժմ մեզ համար Զանգին վաճառելը գայթակղիչ չէ:
— Արդեն մի քանի օրից սկսելու են մարքեթինգային մեծ արշավ, ինչ է այն նախատեսում և որքան գումար է ծախսվելու այդ արշավի համար:
— Մենք ունենք որոշակի մարքեթինգային ռազմավարություն: Գումար ծախսելու ենք, բայց այն հարաբերական շատ քիչ կլինի: Գովազդի վրա, որպես ուղիղ գովազդ, համարյա գումար չի ծախսվելու: Մենք դիտարկում ենք այսպես. Զանգին համաշխարհային աստղ է, իսկ աստղը…
Դե իհարկե մի բանը ընդհանրապես կարելի է հայտնի դարձնել երկու տարբերակով, առաջին այնքան շատ գումար ես ծախսում, որի դեպքում ցանկացածն էլ կարող է «աստղ» դառնալ և անգամ Հոլիվուդում մրցանակի արժանանալ: Մյուս տարբերակը, երբ մարդը տաղանդ ունի, որը պետք է պարզապես ի ցույց դնել: Այսպես, մենք համարում ենք, որ Զանգին ունի այդ տաղանդը, որը մենք ներկայացրել ենք: Աշխարհն այդ տաղանդը դեռ չի տեսել, մենք ուղղակի աշխարհին ներկայացնելու ենք այդ տաղանդը՝ PR կամ մարքեթինգային հմտություններ կիրառելով:
Մենք նաև մի շարք հոդվածներն ենք պատրաստում, որտեղ արդեն պրոֆեսիոնալ թեստերով ապացուցված և գրված կլինի, որ մեր Զանգին ավելի լավն է, քան Skype-ը, Viber-ը և այլն:
Լուսինե Մովսիսյան