Հայաստանում iPhone 7-ի ռեկորդային գների և գնորդների մասին [հարցազրույց]

iPhone-ային «հիվանդությամբ» վարակվել են Apple-ի ապրանքանիշի նաև հայաստանյան երկրպագուները, ովքեր բազամաթիվ ջանքեր են գործադրում հայտնի բրենդի նոր արտադրանքը ձեռքբերելու համար:
iPhone-ի հայաստանյան տրամադրությունների ու նոր սմարթֆոնի ֆանտաստիկ գնային աճի մասին MWnews-ը զրույցել է Pixel ընկերության հիմնադիր Խաչատուր Պետրոսյանի հետ:
Հենց այս ընկերությունն էր կարծես Հայաստան ներմուծել առաջին նոր՝ iPhone 7-երը: Որոնցից ի դեպ, ընդամենը մեկին կարողացանք «հանդիպել». դրանք սպառվում են վայրկյանների ընթացում:
— Մի քանի օր է (սեպտեմբերի 16-ից), ինչ նոր iPhone-ը վաճառքի է հանվել, սակայն այն Ձեր խանութում արդեն առկա է: Հետաքրքիր է, ինչպես և որտեղից հաջողվեց Ձեզ նոր սմարթֆոնները բերել Հայաստան:
— Հիմնականում դրանք ներմուծվում են ԱՄՆ-ից, Կանադայից և Դուբայից: Հետաքրքիրն այն է, որ այս անգամ սկսված առաջին օրվանից iPhone-ները վաճառվում են ասես ակնթարթորեն և եթե, այս նոր սմարթֆոնների ամբողջ քանակությունը Apple ընկերությունը մտադիր էր վաճառել ասենք 3 ամսվա ընթացքում, իրենք այդ ամենը վաճառեցին ընդամենը մի քանի օրում:
Այժմ ապրանք չունենալու պատճառով iPhone-ի գներն ամբողջ աշխարհում շատ բարձր են: Օրինակ՝ ԱՄՆ-ում, ես 2 ժամվա վաղեմությամբ տվյալներ կնշեմ, այն արժե 1300 դոլար (երկրորդ ձեռքի մասին է խոսքը ), ապա Արաբական Միացյալ էմիրություններում (Էմիրատներում)` 1100 դոլար, իսկ Կանադայում ընդհանրապես նոր սմարթֆոնից չես էլ գտնի: Ի դեպ ասեմ, որ Apple-ը այս անգամ գերազանցեց նախկինում գրանցված բոլոր ռեկորդային ցուցանիշները:
-Այսինքն՝ այժմյան աբսուրդի հասնող գնագոյացումը/գինը պայմանավորված է քանակի քչությամբ:
— Այո, այժմ շատ դժվար է գտնել նոր iPhone-ներից: Եթե վաճառքների առաջին օրը Հայաստան մտներ շատ չեմ ասում, օրինակ՝ 100 հատ նոր տեսակի սմարթֆոն, ապա այն երբևէ նման բարձր գին չէր ունենա և չէր դառնա 1000 դոլարից ավել, բայց քանի որ Հայաստան մտել է մոտ 10 հեռախոս, կամ լավագույն դեպքում գուցե թե 20 հատ հեռախոս, իսկ դրա պահանջարկը 100-ը անցնում է արդեն, դրա համար գինը ավտոմատ բարձրացել է: Այդ ամենը իրականում կարգավորող գին կստանա միայն այն ժամանակ, երբ որ Apple-ի պաշտոնական Store-ը մեծ քանակությամբ սմարթֆոններ կբերի, դրանից հետո այն կնվազի և կհասնի իր հիմնական գնին:
— 1300 դոլար ասվածը բնականաբար դա խանութի գնի մասին չէ խոսքը…:
— Ամերիկայում նոր սմարթֆոնը Apple-ում արժե մոտ 650 դոլար, ու ամեն մի մարդու հասնում է երկու հեռախոս: Այնտեղ մարդիկ մոտ մեկ շաբաթ հերթ են կանգնում, որպեսզի ձեռքբերեն նոր սմարթֆոնը, իսկ ձեռքբերելուց հետո, նրանց մոտենում են արաբներ, չինացիներ, և նրանցից այն գնում են օրինակ՝ 1000 դոլարով: Ամերիկայից արդեն 1000-ով են առնում, 1100 կամ 1150 հասնում է Արաբական Միացյալ էմիրություններ, իսկ 1150-ից հետո այստեղ հասնում է մոտ 1300-ի կարգի է դառնում, այսինքն՝ 150 դոլար էնտեղ են աշխատում, 150 էլ այստեղ հասնելն է:
— Իսկ ինչ կասեք այն տարբերակների մասին, որոնք նախատեսված են եվրոպական շուկայի համար:
Եվրոպայից չենք բերում սմարթֆոններ, որովհետև փոխարժեքը եվրոյով է, ինչն արդեն ինքնըստինքյան ավել է գինը դարձնում, որ հասնի Հայաստան, դրա համար էլ այնտեղ անգամ չենք էլ նայում: Այնտեղից գալիս է հիմնականում բջջային օպերատորի հեռախոսները:
— Իսկ որն ավելի շատ պահանաջրկ ունի՝ iPhone 7-ը, թե 7 Plus-ը:
-Ամենամեծ պահանջարկը 7 Plus 128 Գբ-ը, Jet Black գույնը, որն առկա է Էմիրություներում, գինը՝ 3000 դոլար, դրանից ԱՄՆ-ում և Կանադայում գրեթե չկա:
7 128 Գբ և 7 Plus 128 Գբ, դրանք ամենա-ամենապահանջված երկու մոդելներն են: Ասենք 32 Գբ հիշողությամբ նույն սարքը գրեթե չի վաճառվում: Հիմա կան քաղաքում և մոտավորապես 1300 դոլարի մոտակայքում են:
— Ինչն է պատճառը:
— Մարդը մտածում է ինչի 1300 դոլար տա 32 Գբ հիշողությամբ սարք գնելու համար, եթե կարող է ասենք 1400 դոլարով 128 Գբ ծավալովը գնել, բայց այդ 128 Գբ-ը չկա, որ գնի, հարցը հենց դրանում է:
— Իսկ ովքեր են Հայաստանում գնում Apple-ի նոր արտադրանքը:
-Հիմա կոնկրետ Հայաստանում բնակվող ամենահարուստների մասին ենք խոսում, ամենաապահովված խավի մասին, ովքեր չեն խնայում ոչ մի գումար այդ հեռախոսը ունենալու համար: Եվ ցուցադրության համար, և վարկանիշ են բարձրացնում, ինքնահաստատվում են դրանով մարդիկ.. միանշանակ դա այդպես է. հեռախոսի միջոցով մարդիկ այսօր ինքնահաստատվում են Հայաստանում:
— Իսկ որ գույներ էիք բերել Հայաստան:
— Հայաստան բերված առաջին յոթ հատը եղել է iPhone 7 128 Գբ-ի փայլատ սև տարբերակը, Հայաստան հասնող արժեքը եղել է մոտավորապես 1450 դոլարի մոտակայքում: Դրա իրական արժեքը մոտ 770 դոլար է, այսինքն՝ ստացվում է. երկու անգամ թանկ իրական արժեքից: Սա ռեկորդային գին է: Հնարավոր է այն, մի քիչ էլ թանկանա, որովհետև սարքը ձեռքբերել ցանկացողներ էլի կան ու իրենք ավելի շատ գումար են պատրաստ տալ, որովհետև իրենց ծանոթները դրանից ունեն, ուստի իրենք ևս ուզում են:
— Իսկ ըստ Ձեզ երբ կկարգավորվի շուկան:
-Դա կլինի մոտավորապես նոյեմբերի ամսի սկզբին: Լավագույն դեպքում հոկտեմբերի կեսերից: Իսկ մինչ այդ ով ինչպես բերում է, բերում է, արդյունքում՝ կամ հարստանում է, կամ աղքատանում:
Հ.Գ. Իսկ մինչ այդ, ԱՄՆ-ում (Գլենդել) հետևյալ պատկերն է
Հարցազրույցը՝ Լուսինե Մովսիսյանի
Լուսանկարները՝ Կորյուն ԱԲԳարյանի